
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել հաստատել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը»:
Ներկայացնում ենք Քոլեջի դասավանդողների դիտարկումները, մոտեցումները:
Անգլերենի դասավանդող՝ Յուրա Գանջալյան
Անցյալ տարի մեր կրթահամալիրի մասնախմբերը, լաբորատորիաները, ուսկենտրոնները քննարկեցին ուսուցիչների կամավոր ատեստացիայի համար կազմված հարցաշարերը, դրանց անընդունելի լինելը, իսկ նախարարությունն էլ հնարավորություն տվեց մեր կրթահամալիրին ուսուցիչների պարտադիր ատեստացիայի համար վերապատրաստման դասընթացներ անցկացնել ըստ մեր կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության մոտեցումների: Դա մեծ առաջընթաց էր, քանի որ ընդունվեց ուսուցիչների պարտադիր ատեստացիայի անցկացման այլընտրանքային ձև, որն իրականացվեց և հաջող ավարտ ունեցավ: Այսուհանդերձ, պետք է հիշեցնել, որ պարտադիր ատեստացիան անցած ուսուցիչը միայն պահպանում է իր աշատատեղը՝ համարվում է, որ նա համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնին, ավելի շուտ՝ կոչմանը: Պարտադիր ատեստացիայի հաջող արդյունքը չի բարձրացնում ուսուցչի դրույքաչափը:
Հիմա քննարկման է դրված ուսուցիչների կամավոր ատեստացիայի և դրա արդյունքներով ուսուցչի դրույքաչափերի բարձրացման կարգի նախագիծը: Կարծում եմ, որ այլևս ավելորդ է քննարկել տարբեր առարկայական հարցաշարերի բովանդակությունը՝ մի բան, որ նույնիսկ դեռ գոյություն էլ չունի: Մենք դեռ չգիտենք, թե ինչ փոփոխություններ կկրեն անցյալ տարվա հարցաշարերը: Եվ ընդհանրապես, դեռ չի էլ հստակեցված, թե ինչ է նշանակում ուսուցչի «մասնագիտական գիտելիքներ» բառակապակցությունը: Քննարկման է դրված կամավոր ատեստացիայի կազմակերպման կարգը, այլ ոչ թե հարցաշարերը: Նախարարությունը խոստովանում է, որ չի կարողանում միանգամից բարձրացնել բոլոր ուսուցիչների աշխատավարձերը և մի «չափելի» ելք է գտել: Հիմա «հացի խնդիր» պետք է լուծել որքան հնարավոր է արագ: Իհարկե ավելի տրամաբանական կլիներ, որ համապարփակ բարեփոխումներ արվեին բուհական ծրագրերում և աստիճանաբար բարելավվեր մեր համալսարանների շրջանավարտների գիտելիքները, բայց դա ավելի երկար ժամանակ կպահանջեր: Հիմա իրական հնարավորություն է տրված ամսեկան 80-100 հազր դրամ աշխատավարձ ստացող ուսուցչին կարճ ժամանակում ինքնակրթության միջոցով բարձրացնել սեփական աշխատավարձը: Այս նպատակի համար բավականաչափ հնարավորություններ են տրված մեր կրթահամալիրում աշխատող ուսուցչին: Իսկ ի՞նչ անեն հանրապետության այլ դպրոցներում աշխատող ուսուցիչները:
Կարծում եմ, որ այս քննարկումով պետք է կարողանանք նվազագույնի հասնել այս նախագծում եղած հնարավոր անարդարությունները:
Առաջին և ամենամեծ անարդարությունը
Նախագծի 17-րդ կետում գրված է՝
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1.ուսուցչի անուն ազգանունը.
2.դպրոցի անվանումը.
3.դասավանդվող առարկան.
4.անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը
5.ուսուցչի էլեկտրոնային հասցեն:
Տեղեկատվության մեջ չի պահանջվում նշել, թե հանրակրթության ո՞ր աստիճանում է տվյալ ուսուցիչը զբաղված: Այսինքն՝ մասնագիտական գիտելիքների միևնույն պահանջներն են ներկայացվում տարրական, հիմնական և ավագ դպրոցներում աշխատող ուսուցիչներին: Կարծում եմ, որ այստեղ է ամենամեծ անարդարությունը: Սկզբնական մեծ առավելություն ունեն ավագ դպրոցում ներգրավված ուսուցիչները: Նրանց ամեն օր պետք են գալիս հենց այն մասնագիտական գիտելիքները, որոնք ներառված են հարցաշարերում, և տարիների ընթացքում նրանք հղկում ու բարելավում են այն թերի գիտելիքները, որոնցով դիպլոմ են ստացել: Մինչդեռ, միջին դպրոցում և հատկապես տարրականում նրանք տարիների ընթացքում, բնականաբար, կորցնում են համալսարանում ստացած, թեկուզև, բարձր մասնագիտական գիտելիքները՝ ավելի հմտանալով միայն մեթոդապես:
Այս անարդարությունը վերացնելու առաջարկություններ
- Կարծում եմ, որ կրթական տարրական աստիճանում ներգրավված ուսուցիչների համար ընդունելի պետք է լինի միայն պարտադիր ատեստացիան իր մանկավարժական, մեթոդական բովանդակությամբ, որի արդյունքում դրույքաչափի մի ինչ-որ հաստատուն բարձրացում նախատեսվի: Այլոց փորձի ուսումնասիրություններից տեղեկացել եմ, որ առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում հանրակրթության մեջ ամենաբարձր սկզբնական աշխատավարձերը սահմանվում են տարրական դպրոցների ուսուցիչների համար, որովհետև կրթության մեջ ամենածանր «ֆիզիկական» աշխատանքը հենց նրանք են անում:
- Ընդունել, որ նախագծում նշված անցումային շեմի միավորները և դրույքաչափերի բարձրացումները ավագ դպրոցի ուսուցիչների համար են, իսկ հիմնական դպրոցներում ներգրավված ուսուցիչների համար սահմանել մեկ աստիճան ավելի ցածր անցումային շեմ և միավորներ՝ պահպանելով դրույքաչափերի բարձրացումները:
Արդարության վերականգնման մեկ այլ առաջարկություն
Ուսուցիչների դրույքաչափերի որոշակի (առնվազն 10%) բարձրացում նաև պարտադիր այլընտրանքային ատեստացիայի անցկացման արդյունքում:
Հայոց լեզվի, գրականության դասավանդող՝ Թամար Ղահրամանյան
Մի քանի ամիս է, ինչ ուսուցիչների կամավոր ատեստավորման փաստաթուղթը մանակավարժներիս հայացքի ներքո է։ Նախագիծը կարդալիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ ասես բուհ-ի ընդունելության կարգին վերաբերող փաստաթուղթ ես կարդում։
Փորձեմ անդրադառնալ այդ փաստաթղթի մի քանի կետերի, որոնց հետ բնավ համաձայն չեմ։ Այսպես՝
2․Ատեստավորման նպատակն է թեստավորման միջոցով ուսուցիչների մասնագիտական գիտելիքի իմացության աստիճանի պարզումը և դրա արդյունքում ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումը:
Նախ այնքան էլ վստահ չեմ, որ ուսուցիչների մասնագիտական գիտելիքի իմացության աստիճանը առաջարկած թեստերի միջոցով հնարավոր է պարզել, (Տես՝ կետ 36. Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:)
Մնում է հասկանալ, թե ինչպե՞ս եք պարզելու՝ ուսուցիչը որքանով է հմուտ իր գործում, չէ՞ որ թեստերում առարկայական գիտելինքների ստուգումից բացի մասնագիտական հմտություններին, փորձառությանը, վերաբերող հարցադրումներ չկան։ Այնինչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչը գիտելիքների տիրապետելու համար պետական նմուշի դիպլոմ ունի․ ինչո՞ւ կասկածի տակ դնել նրա դիպլոմի վավերականությունը։
Մի քանի խոսք էլ ստուգման թեստերի մասին․ Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից։ Արդեն քանի տարի է՝ հանրապետության դիմորդները քննություններ են հանձնում անհեթեթ ու անիմաստ նմանատիպ թեստերով, որոնք բազում քննադատությունների արժանանալուց հետո էլ շարունակում են նոր խումբ շրջանավարտների, ուսուցիչների ու կրկնուսույցների «հոգին հանել»։ Վաղուց ժամանակն է՝ դրանք դեն շպրտելու, այնինչ՝ նույնատիպ անհեթեթ թեստերով դեռ հիմա էլ պատրաստվում են ուսուցիչներին թեստավորել։
7․«Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները թեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից․․․
Իբրև մայրենիի ուսուցիչ՝ ինձ համար անհասկանալի է, նաև, թե ինչո՞ւ է միայն հայոց լեզվի գիտելիքները ստուգվում, ինչո՞վ է բացատրվում նման խտրական վերաբերմունքը գրականության հանդեպ։ Չէ՞ որ հենց գրականության իմացության շնորհիվ է հնարավոր տեսնել, բացահայտել շնորհալի մանակավարժի մասնագիտական կարողությունները, ստեղծագործական երևակայությունը, հանդուրժողականությունը բազմակարծության հանդեպ և էլի շատ բաներ։
42.Գրավոր աշխատանքի ընթացքում արգելվում է այլ ուսուցիչների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը:
43.Գրավոր աշխատանքի ընթացքում քննասենյակից ուսուցիչը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ:
Նվաստացուցիչ չէ, մի՞թե։ Իսկ հանրապատության դատավորների, դատախազների, պատգամավորների, բժիշկների հետ այսպես կվարվե՞ք։ Ասել է թե հանրապետության ուսուցիչների մեծաքանակ բանակը շարունակում է մնալ մեր հասարակության ամենաթիրախավորված խավը։
Ի՞նչ եմ առաջարկում։
Առաջարկում եմ այս նախագիծը մի կողմ դնել և ուսուցչի համար ավելի արժանավոր մի փաստաթուղթ մշակել, որով կստուգվի նրա մանկավարժական հմտությունները, հետազոտական կարողությունները, ստեղծականությունը, կկարևորվի նրա ՏՀՏ հմտությունները, նախագծային աշխատանքների կազմակերպումը, ինչու չէ, նաև հոդվածներ գրելու, թարգմանություններ կատարելու կարողությունները և էլի շատ ու շատ այլ բաներ։
Ավելացնեմ նաև, որ նախագծում որ մի կետ չկա հեղինակային մանկավարժություն իրականցնող հեղինակ ուսուցչի ատեստավորման մասին։
Ես հասկանում եմ, որ մեզանում կրթական խնդիրները վաղուց՝ անցած երեսուն տարիների ընթացքում, պիտի լուծումներ ստացած լինեին, սակայն վախենամ թե հիմա էլ մեր ավելորդ շտապողականությամբ վնասենք կրթական գործընթացը։ Մի բան պարզ է, որ ատաեստավորման, թեստավորման ու վերափոխման գործընթացների հիմքում խթանիչ ուժը ուսուցչի ինքնակրթությունը պետք է լինի։ Նախաձեռնություն, որ պետք է գա հենց ուսուցչից։
Ռուսերենի դասավանդող՝ Մարիամ Քալանթարյան
Процесс добровольного тестирования учителей начался в прошлом году и продлится примерно два года.
И что оно нам даст?
Тем, кто докажет в процессе аттестации соответствие современным требованием, будут выплачивать более высокие зарплаты. На первом этапе тем, кто положительно сдал тест, повысят зарплату на 30-50 процентов – соответственно набранным баллам.
По моему мнению, проверка знаний по тестам давно уже доказала неэффективность этой системы, следовательно, подход к аттестации действующих учителей тем же неприемлем.
Аттестация означает проверку знаний, навыков и умений учителей. Но во время аттестации учитывается лишь один компонент – знания. А почему при тестировании не учитываются навыки и преподавательские умения? В конце концов качество образования обусловлено теми методами и подходами, которые учитель применяет на уроке.
Մաթեմատիկայի դասավանդող՝ Ելենա Օհանյան
Կարծում եմ, որ ատեստավորման առաջարկվող մեթոդը չի կարող հանդիսանալ ուսուցչի գիտելիքի/զբաղեցրած պաշտոնի համապատասխանության ստուգման չափորոշիչ։ Բացի այդ՝ տվյալ եղանակը չի լուծում ինչպես նախարարության առաջադրած նպատակներն ու խնդիրները, այնպես էլ չի բացահայտում համակարգում առկա թերությունները։ Պարզ օրինակ է անցյալ տարի ներդրված թեստերը, որոնք ընդամենը բացահայտում էին արդյո՞ք դասանադողը տիրապետում է համալսարանի առաջին կուրսի ուսանողին համապատասխան գիտելիքների թե ոչ։ Այնինչ համակարգային փոփոխություն անելու կամ հասնելու համար անհրաժեշտ է նախ սկսել բուհական ծրագրերի փոփոխությունից, վերանայումից, մեթոդիկ վերապատրաստումներից, այնուհետև՝ իրականացնել ատեստավորում։ Անհրաժեշտ է նաև վերապատրաստումն ու ատեստավորումը կազմակերպել ըստ զբաղեցրած պաշտոնի/օղակի (կրտսեր, միջին, ավագ, միջին մասնագիտական հաստատություն/քոլեջ), որոնց արդյունքների հիման վրա էլ կարելի է անկողմնակալ գնահատում իրականացնել, այդ թվում նաև աշխատավարձի բարձրացման հարց քննարկել։ Ընդ որում՝ ոլորտը գրավիչ և պահանջված դարձնելու համար ատեստավորման հիման վրա հավելումներ ստանալը ևս չափորոշիչ հանդիսանալ չի կարող, քանզի միայն ֆինանսական խթանը տվյալ ոլորտ կբերի ոչ կոմպետենտ անձանց, որոնք ուղղակի կարողացել են թեստի անցողիկ շեմը հաղթահարել։
Անգլերենի դասավանդող՝ Արփի Թովմասյան
Ընդհանուր նկարագիր՝
- Ատեստավորման նպատակն է թեստավորման միջոցով ուսուցիչների մասնագիտական գիտելիքի իմացության աստիճանի պարզումը և դրա արդյունքում ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումը: Ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի, առնվազն մեկ անգամ:
Առաջարկում եմ դիտարկել ու քննարկել առաջարկվող ատեստավորման դրական և բացասական կողմերը։
Դրական կողմեր ՝
Մեր օրերում, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում և փոփոխում, կարևոր է ընթացքին զուգահեռ զարգանալը, ինքնակրթվելը, շարունակական ուսուցումը։ Դասավանդողի կարևոր նպատակներից պետք է լինի սովորողներին արդի և կիրառելի գիտելիքներ տալը։
Այս առումով ատեստավորումը լավ մեթոդ է ստուգելու համար, թե արդյո՞ք ուսուցիչը կարևորում է շարունակական ուսուցումն ու մասնագիտական աճը, պատրա՞ստ է հետևել գիտության մեջ տեղի ունեցող փոփոխություններին, ժամանակ էհատկացնու՞մ է իր գիտելիքները թարմացնելուն։
Մարտահրավերներ՝
Ինչպես հաճախ է տեղի ունենում Հայաստանում՝ նախ ընդունվում է որոշումը, հետո բոլորով սկսում ենք մտածել, թե ինչպես կարող ենք այդ որոշումն իրականացնել։
Ատեստավորումը բացասական երևույթ չէ, սակայն այն ձևաչափը, որն ընտրվել էր և մինչ այս գործում էր ատեստավորրման համար, այնքան էլ արդյունավետ չէ իմ կարծիքով։ Իմ կարծիքն ունի մի քանի հիմնավորում՝
- Հարցաշարը, գոնե նախկինում, ստուգում էր ուսուցչի միայն առարկայական գիտելիքները։ Դա, իհարկե, նույնպես կարևոր է, բայց դա չի ստուգում մանկավարժական որակները։ Առարկան լավ իմանալը դեռ լավ դասավանդելու երաշխիք չէ։
2. Կան մարդիկ, որոնք ռեֆլեքսորեն ճիշտ են պատասխանում հարցաշարի հարցերին, սակայն առարկային խորապես չեն տիրապետում։ Լինում է նաև հակառակը՝ երբեմն մարդիկ նման թեստերի ժամանակ շփոթվում են, բայց իրականում լավ մասնագետ են։
3. Շատ ուսուցիչների համար անհասկանալի է այն փաստը, թե ինչու՞ են իրենց մասնագիտական որակները ստուգելիս տալիս այն նույն հարցերը, որոնք կան նաև ընդունելության քննությունների շտեմարաններում։
4. Ինչու՞ են նույն սկզբունքով ստուգվում տարբեր որակավորումներ/աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչները, տարբեր տարիքային խմբերի հետ աշխատող ուսուցիչները։
5. Արդյո՞ք ավելի արդյունավետ չէր լինի փոխարենը պարբերաբար կազմակերպել մասնագիտական թրեյնինգներ ուսուցիչների համար։
6. Եթե այս՝ տարեկան ատեստավորումը դառնալու է պարտադիր, արդյո՞ք պարտադիր է լինելու նաև հինգ տարրին մեկ կազմակերպվող ատեստավորումը։
Ահա’ այն հիմնական հարցերը, որ ես ունեմ կամավոր/հետագայում պարտադիր ատեստավորման հետ կապված։